Նպատակը

        Հայերենի բառապաշարի ձևային նկարագրությունը և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծումն ունեն կոնկրետ նպատակ, ինչպես՝ բառապաշարի կառուցվածքային համակարգի բացահայտումը, համակարգչային ծրագրերին ծառայելը և այլն:

      Բառապաշարի ձևային նկարագրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես կանոնավոր կազմությունների, այնպես էլ բոլոր տարբերակային ձևերի, շեղումների ու անկանոնությունների ամբողջական պատկերը՝ հաճախականության տվյալներով և դրանց ավտոմատ վերլուծության ու սերման հնարավորություններով:

     Էլեկտրոնային շտեմարանը եզակի է իր տեսակով, ծավալով և բառային նյութի ընդգրկումով ու լիովին լուծում է բառերի կազմության հետ կապված խնդիրները:

   Շտեմարանը կարող է ծառայել հասարկության լայն շրջանակներին, մասնավորապես այն կարող է օգտակար լինել.

  1.  լեզվաբաններին կամ բանասիրական ֆակուլտետների ուսանողությանը, որոնք ցանկանում են. ​​1.1.համաժամանակյա և տարաժամանակյա հայեցակետերով քննել հայերենի բառակազմությունը, բացահայտել նոր բառերի կազմության հիմնական օրինաչափությունները, 1.2. տասնյակ հազարավոր օրինակների միջոցով պարզել հայերենի բառակազմության սկզբունքներն ու եղանակները, 1.3. առանձնացված տեսնել հայերենի պարզ կամ արմատական բոլոր բառերը, ածանցավոր բառերը և երկբաղադրիչ ու բազմաբաղադրիչ բարդությունները,
  2. հայերենով հետաքրքրվող ցանկացած մարդու, հայերենին ոչ բավարար մակարդակով տիրապետողների համար, որոնք էլեկտրոնային մեծածավալ շտեմարանում կարող են որոնել և գտնել իրենց հետաքրքրող ցանկացած բառի բառակազմական բնութագիրը,
  3.  դպրոցականներին, դիմորդներին, ուսուցիչներին, որոնք ցանկանում են պատկերացում կազմել հայերենի բառակազմության մասին, ցանկանում են ճշտել, ստուգել որևէ բառի բառակազմության մասին տեղեկություն, գտնել կամայական բառերի բառափունջը, ձևույթները ևն,
  4. շտեմարանն էապես կօժանդակի նաև օտարազգի այն հայագետներին, որոնք հետաքրքրվում են հայերենի բառակազմությամբ` իբրև նոր բառերի ստեղծման հիմնական եղանակ, կամ կատարում են զուգադրական-տիպաբանական աշխատանք: